ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ օգոստոսի 8-ին կայացած աշխատանքային նիստում քննարկել է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախնական տարբերակում ներկայացված ԱԱԾ և ՊՊԾ ոլորտների ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:
Նշվել է, որ Ազգային անվտանգության համակարգի զարգացման հիմնական գերակայությունը նորագույն հատուկ տեխնիկայի, սարքավորումների, զենքի և զինամթերքի ձեռքբերման շարունակական գործընթացի ապահովումն է: Կարևորվել են նաև տնտեսության բնագավառում կատարվող հանցագործությունների, այդ թվում՝ կոռուպցիայի տարբեր դրսևորումների և տնտեսության զարգացմանը խոչընդոտող այլ երևույթների ժամանակին հայտնաբերման ու բացահայտման աշխատանքների ակտիվացումը, պետական սահմանի շուրջօրյա հսկումն ու պահպանումը, օրենքով վերապահված այլ գործողությունների իրականացումը:
ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը տեղեկացրել է, որ կառույցին 2020 թվականին նախատեսվել է հատկացնել 23 միլիարդ 218 միլիոն դրամ. կիրականացվի 7 ծրագիր: Կապիտալ ծախսերի համար նախատեսվել է հատկացնել 582 միլիոն դրամ: Առաջիկայում կկառուցվի սահմանապահ նոր ուղեկալ:
Ըստ բանախոսի՝ գալիք տարի Պետական պահպանության ծառայությանը կհատկացվի 3 միլիարդ 373 միլիոն 730 հազար դրամ:
Աշխատանքային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի ներկայացուցիչները: Ոլորտին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ: