Վրաստանը չի հաշտվի 2008-ի օգոստոսի զինված հակամարտության արդյունքների հետ, կփորձի խաղաղ ճանապարհով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, այս մասին ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Իր ելույթում նա հիշատակել է, որ ինչպես որ 2005 թվականին ստացվեց ռուսական բազաները դուրս բերել Վրաստանի տարածքից, այնպես էլ հիմա կստացվի խաղաղ ճանապարհով վերջ դնել բռնազավթմանը և ստեղծել նոր հարաբերություններ:
Հիշցնենք, որ Զուրաբիշվիլին ծնվել է Ֆրանսիայում և շուրջ 30 տարի զբաղվել է դիվանագիտական աշխատանքով Ֆրանսիայի արտգործնախարարությունում: 2003թ. նա նշանակվել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, իսկ արդեն 2004թ. ստանձնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Զուրաբիշվիլին ԱԳ նախարարի պաշտոնում իր կատարած գլխավոր գործը համարում է Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանների դուրսբերումը (նրա պաշտոնազրկումից հետո այդ որոշումը չեղարկվել է և ստորագրվել է ռուս-վրացական նոր համաձայնագիր):
Դեռ արտգործնախարար եղած տարիներին Զուրաբիշվիլին մշտապես նշել է, որ անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ միաժամանակ ընդգծելով, որ դատապարտելի է վրացական էլիտայի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ:
Զուրաբիշվիլին, սակայն կոշտ քննադատության է ենթարկվել իր այն հայտարարության համար, ըստ որի՝ 2008 թվականին Վրաստանն է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ: Ավելի ուշ նա փորձել է բացատրել, որ «2008 թվականին ագրեսորի դերում Ռուսաստանն էր, սակայն Սահակաշվիլին տրվեց սադրանքին, և դա որպես առիթ օգտագործեց Վրաստանի դեմ պատերազմ սանձազերծելու համար»: Չնայած բոլոր արդարացումներին՝ հանրային ընկալման մեջ նա մնաց որպես ռուսամետ գործիչ:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ամիսներ առաջ սկանդալի կենտրոնում էր երկրի տարածքում ԱՄՆ ռազմաբազայի վերաբերյալ հայտնած դիրքորոշման պատճառով: Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է խորացնի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, բայց չանի այնպիսի քայլեր, որոնք կսադրեն այլ երկրների։ Տպավորություն է ստեղծվում, որ նախագահը փորձում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հենքեր ստեղծել, այս պահին գոնե հայտարարությունների մակարդակով:
Ամփոփելով կարելի է փաստել, որ Վրաստանի նախագահի կողմից հնչեցված հայտարարությունները գուցե չփոխեն երկրի արտաքին քաղաքական կուրսը՝ այն է անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց Ռուսաստանի կողմից կարող են ընկալվել որպես ընդառաջ արվող քայլ, որն էլ իր հերթին երկարաժամկետ կտրվածքում հնարավոր է դրական փոփոխությունների հանգեցնի ռուս-վրացական հարաբերություններում: