Թուրքիան և ԱՄՆ պայմանավորվել են Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետից արևելք, անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ համատեղ գործողությունների մասին: Մասնավորապես, կողմերը երեք օր տևած բանակցությունների արդյունքում պայմանավորվել են Թուրքիայի անվտանգության հարցում ունեցած մտահոգությունները փարատելու նպատակով Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համար Թուրքիայում կարճ ժամանակում ստեղծել Համատեղ գործողությունների կենտրոն: Կողմերի տարածած հայտարարությունում նաև նշվում է, որ անվտանգության գոտին պետք է դառնա խաղաղության միջանցք, և տեղահանված սիրիացիների վերադարձի համար պետք է ցանկացած լրացուցիչ միջոցներ ձեռնարկվեն: Համաձայնության այլ մանրամասներ չեն ներկայացվում:
Թուրք-ամերիկյան բանակցությունները Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ շարունակվում են արդեն մի քանի ամիս, սակայն կողմերին հաջողվեց ինչ-որ համաձայնության գալ միայն այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարեց, որ իրենց համբերությունն անսպառ չէ, և Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողություն սկսել քրդերի դեմ Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք, եթե Միացյալ Նահանգները զորքերը դուրս չբերի այդ շրջանից:
Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցում Անկարան և Վաշինգտոնը լուրջ տարաձայնություններ ունեին կապված անվտանգության գոտու չափերի և վերջինիս կառավարման հետ: Գոտու լայնությունը ըստ Միացյալ Նահանգների պետք է լինի 10 կմ, իսկ ըստ Թուրքիայի՝ 30-40 կմ: Վերջինս նաև պնդում է, որ անվտանգության գոտում վերջնական որոշումներ կայացնողը լինի ինքը՝ պայմանավորված այդ տարածքում քուրդ զինյալների առկայության հետ: Թուրքիան վերջիններիս համարում է ահաբեկիչներ, որոնք սպառնում են իր ազգային անվտանգությանը, իսկ Միացյալ Նահանգները լայն աջակցություն է ցուցաբերում նրանց:
ԱՄՆ համար թուրքական պահանջներին համաձայնել կամ քրդերի դեմ Անկարայի հերթական ռազմական գործողությունը թույլ տալը լուրջ հարված է ոչ միայն Սիրիայում ամերիկյան դիրքերին: ԻՊ դեմ պայքարում ցամաքում իր միակ դաշնակիցներին թուրքական հարձակումից չպաշտպանելը ԱՄՆ համար իմիջային լուրջ հարված կդառնա, իսկ պաշտպանելու դեպքում ԱՄՆ կարող է ավելի փչացնել հարաբերությունները տարածաշրջանային իր գլխավոր դաշնակցի՝ Թուրքիայի հետ:
Հիշեցնենք, որ այսօր կողմերի միջև տարաձայնություններ կան ոչ միայն Սիրիայի շուրջ, այլև ռուսական Ս-400-ների գործարքի, Կիպրոսի բացարձակ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից իրականացվող անօրինական հորատման աշխատանքների հարցերով, պահպանվում է 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձի արդյունքում երկկողմ հարաբերություններում առաջացած բասացական ֆոնը:
Նման պայմաններում Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու հարցում Անկարային որոշակի զիջումները կարող է դրական ֆոն ստեղծել երկկողմ հարաբերությունների համար: Սակայն դժվար թե այս հարցում ԱՄՆ ամբողջությամբ զիջի Թուրքիային ՝ անտեսելով սեփական շահերը: Թրամփն ավելի վաղ Սիրիայի հյուսիսում թուրքական պահանջների հետ կապված արդեն սպառնացել է տնտեսական պատժամիջոցներով, և չի բացառվում, որ այս գործիքը կիրառի: