ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն: ՀՀ վարչապետին օդանավակայանում դիմավորել է Ղրղզստանի փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովը: Այս մասին հաղորդում է news.am-ը:
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաք է մեկնել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Նիստը կմեկնարկի օգոստոսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։
Նախատեսվում է Հայաստանի վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում և նամականիշի մարման արարողություն:
Նախատեսվում են նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումները Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: