Վերջին օրերին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվել Ղրղզստանում տեղի ունեցող իրադարձությունները: Օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները մայրաքաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քոյ Թաշ գյուղում սկսեցին նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին նրա նստավայրում ձերբակալելու գործողությունը՝ նախկին ղեկավարի կողմնակիցների դեմ կիրառելով հատուկ միջոցներ: Մեկ մարդու կյանք խլած և 50-ից ավել վիրավորներ տված գրոհի արդյունքում նախագահին ձերբակալել չհաջողվեց:
Աթամբաևին ձերբակալելու անհաջող փորձից հետո Ղրղզստանի գործող նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրեց՝ քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակը: Այդ ընթացքում հրապարակային ելույթ ունեցավ նաև Ալմազբեկ Աթամբաևը՝ հեռուստատեսությամբ շնորհակալություն հայտնելով իր աջակիցներին, որ «թույլ չտվեցին բռնել իրեն՝ մեռած, թե կենդանի»:
Օգոստոսի 8-ին Ղրղզստանի հատուկ ծառայություններն իրականացրին երկրորդ գրոհը, որի ընթացքում, համաձայն տարածված տեղեկատվության, Աթամբաևն անձամբ հանձնվեց իշխանություններին:
Նշենք, որ նախագահ Աթամբաևը, ով երկիրը ղեկավարել է 2011-2017 թվականներին, մեղադրվում է ապօրինի հարստացման, հողատարածքների զավթման, կոռուպցիոն մի շարք գործերի և քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի անօրինական ազատման մեջ: Ինքը՝ Աթամբաևը, հերքում է այս մեղադրանքները՝ դրանք որակելով որպես քաղաքական հետապնդում: Նման հետապնդումների պատճառը նախկին ղեկավարի համախոհները համարում են գործող իշխանությունների հասցեին հնչեցված քննադատությունները: 2019-ի հունիսին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Աթամբաևը Ժեենբեկովին անվանել էր ոչ լեգիտիմ նախագահ, քննադատական խոսքեր ուղղել խորհրդարանի և պատգամավորների հասցեին: Դրանից անմիջապես հետո Ղրղզստանի խորհրդարանը Աթամբաևին զրկել էր նախկին նախագահի կարգավիճակից ու անձեռնմխելիությունից:
Հաշվի առնելով նախկին նախագահի համակիրների քանակն ու վճռականությունը՝ չի բացառվում, որ Աթամբաևի ձերբակալությունը ցնցումների նոր ալիք բարձրացնի երկրում: Ի դեպ ձերբակալությունից անմիջապես հետո բողոքի ակցիաներ են սկսվեն Բիշկեքում. կան 40-ից ավել բերման ենթարկվածներ: