Ղրղզստանում դատարանն արգելանքի տակ է առել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին պատկանող «Апрель» հեռուստաալիքի գույքը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին են հայտնել Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունից:
«Դատարանի որոշմամբ «Апрель» հեռուստաալիքի գույքն արգելանքի տակ է դրվել»,- հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:
Նշենք, որ 2017 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում Աթամբաևը երկրի ղեկավարի պաշտոնը փոխանցել էր Սոորոնբայ Ժեենբեկովին: Կարճ ժամանակ անց նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործերի էին հարուցվել: Աթամբաևը զրկվել էր նախկին նախագահի կարգավիճակից, նրա դեմ տարբեր մեղադրանքներ էին առաջադրվել, որոնք նա չի ընդունում՝ պնդելով, որ իր դեմ բոլոր մեղադրանքները քաղաքական բնույթի են: