«Պարեր աստղերի հետ» (''Танцы со звёздами'') հեռուստանախագծի ժյուրիի նախագահ, պարող, բալետմայստեր, պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ և «Մոսկվայում վիեննական պարահանդեսի» գլխավոր պարուսույց Ստանիսլավ Պոպովը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում պատմել է, որ սիրում է Հայաստանում լինել, և ինչով է վտանգավոր հայկական ճաշկերույթը։ Պոպովը նշել է, որ մեկ շաբաթ առաջ է վերադարձել Հայաստանից, հայտնում է News.am-ը:
«Շատ եմ սիրում հանգստանալ այդ երկրում։ Տեղի ճաշկերույթը հետևյալ տեսքն ունի՝ կանաչի, ոչխարի պանիր, քաղցր լոլիկ, խորոված, տապակած ճուտ, և այս ամենն ուղեկցվում է հրաշալի գինիներով։ Իսկ ինչպիսին է այնտեղ խորովածը՝ խոզի մսից պատրաստված խորոված և հայկական քաբաբ»,- պատմել է Պոպովը։
Հայտնի բալետմայսերը նաև զվարճալի պատմություն է ներկայացրել, որն ամբողջությամբ բնութագրում է հայ ազգի վերաբերմունքը ճաշկերույթին։ «Հիշում եմ՝ 1975թ.-ին կնոջս հետ համամիութենական մրցույթի էինք պատրաստում Հայաստանից չորս պարողների։ Աշխատանքը ծրագրված էր տասն օրվա համար, առավոտյան ժամը իննից շարունակվում էր մինչև կեսօր և երեկոյան ժամը վեցից՝ մինչև ինը։ Օրվա ընթացքում ազատ ժամանակը՝ ճաշի ընդմիջում։ Միշտ ուտում էինք տարբեր մասնավոր ռեստորաններում՝ Երևանի քաղաքամերձ բնակավայրերում, սարերում և լճերում։ Միայն պատկերացրեք այդ ճաշկերույթը՝ վեց ժամ խորովածով, քաբաբով և հայկական կոնյակով։