Մեծ Բրիտանիան պատրաստ է Եվրամիության հետ բանակցություններ վարել ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի մի քանի կետերի վերանայման շուրջ: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Բելգիայի կառավարության ղեկավար Շառլ Միշելի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
Ինչպես իրազեկել է բրիտանական վարչապետի մամուլի ծառայությունը, Ջոնսոնը «հավաստել է հանձնառությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, այդ թվում՝ այնպիսի հանգուցային բնագավառներում, ինչպիսիք են անվտանգությունը, առևտուրը և ահաբեկչության դեմ պայքարը»:
«Brexit-ի կապակցությամբ վարչապետ Ջոնսոնը հայտարարել է, որ արդեն առկա գործարքը երեք անգամ մերժվել է խորհրդարանի կողմից, ուստի պետք է փոփոխվի: Նա կրկնել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է ազնվորեն բանակցություններ վարել «բեքստոպի» այլընտրանք գտնելու շուրջ, սակայն եթե Եվրամիությունը շարունակի պնդել դուրս գալու վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ մտցնելու անհնարինությունը, ապա մեզ հարկ կլինի առանց գործարքի դուրս գալ հոկտեմբերի 31-ին»,- ասել է մամուլի քարտուղարը: