Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրանք է առաջադրվել սպանության և այլ առանձնապես ծանր հանցագործությունների համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է երկրի գլխավոր դատախազության օպերատիվ-հետախուզական գործունեության ու քննության վերահսկման վարչության պետ Զամիր Բեյշեկեևը:
«Աթամբաևին են փոխանցվել մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ ծանուցագրեր՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում, սպանություն, սպանության փորձ, պատանդառություն և բռնության կիրառում իշխանության ներկայացուցչի հանդեպ»,- հայտարարել է նա:
Ղրղզստանի օրենքների համաձայն՝ տվյալ հոդվածներով Աթամբաևին կարող է ցմահ ազատազրկում սպառնալ: