ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ԿԺԴՀ-ի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանին Ռուսաստանում նոր դեսպան նշանակելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով մի աղբյուր: Բիգանի թեկնածությունը վերջնականապես չի հաստատվել, սակայն, գործակալության տվյալներով, որոշումը կկայացվի մոտ ժամանակներս:
Reuters-ը նշում է, որ այդ պաշտոնում Բիգանի նշանակումը և հետագա տեղափոխվելը Մոսկվա կարող է վտանգել ԿԺԴՀ-ի հետ ԱՄՆ-ի բանակցությունները, քանի որ հենց այդ դիվանագետն էր Հանոյում պատրաստել Կիմ Չեն Ընի հետ Թրամփի փետրվարյան հանդիպումը, ինչպես նաև ձգտում էր հասնել երկու երկրների ղեկավարների շփումների վերսկսմանը:
Սթիվեն Բիգանն ավարտել է Միչիգանի նահանգի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է քաղաքագիտություն և ռուսաց լեզու: 1992-1994 թվականներին նա գլխավորել է Միջազգային հանրապետական ինստիտուտի մոսկովյան բաժանմունքը: