Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարծում է, որ 19-ամյա հայ զինծառայող Արայիկ Ղազարյանը հայտնվել է ադրբեջանական տարածքում մոլորվելու հետևանքով, հայտնում է «Այսօր»-ը։
«Դեռևս իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով փաստին, հայտարարեց նախարար Դավիթ Տոնոյանը։
Մեկնաբանելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, թե իբր հայ զինծառայողը սահմանը հատել է հրամանատարների կողմից ճնշումների պատճառով, Տոնոյանը լրագրողներին հորդորեց չընկնել ադրբեջանական քարոզչամեքենայի հետևից և չտարածել այդ տեղեկությունները։
«Ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է», - հավելեց նախարարը։
Հարցին՝ արդյոք քայլեր արվում են հայ զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ, Տոնոյանը ի պատասխան ասաց, որ աշխատանքներն արդեն սկսել են և միջազգային համապատասխան կառույցներին դիմել են:
Զինծառայողի՝ հոգեկան խնդիրներ ունենալու հնարավորության մասին դիտարկմանն ի պատասխան, նախարարը ասաց՝ տեղյակ չէ՝ արդյոք զինծառայողը հոգեկան խնդիրներ ունեցե՞լ է, թե ոչ։ «Դա պարզ կլինի աշխատանքի արդյունքում։ Ցավալի դեպք է բոլորիս համար, բայց կարծում եմ՝ նորմալ է անցնելու։ Կոչ եմ անում Ադրբեջանի իմ կոլեգաներին՝ այդ տեղեկատվական աշխատանքը դադարեցնել»: