Գոյություն ունի կարգ, գոյություն ունի կառավարության որոշում, գործում են օրենքներ, ըստ որոնց, եթե Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ բուժում իրականացնել, ապա զինծառայողներին այդ հնարավորությունը տրվում է, նրանց բուժումը իրականացվում է արտերկրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն` անդրադառնալով ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխիլյանի բուժումը Եվրոպայում իրականացնելու համար ֆինանսավորում չտրամադրելու խնդրին, հաղորդում է Tert.am-ը:
Նա նշել է, որ եթե հանձնաժողովն այդ որոշումը չի կայացնում, բնական է՝ պետք է բուժումը իրականացվի առանց սուբյեկտիվ մոտեցումների:
«Բոլորը կարող են ասել` ես ուզում եմ գնալ այստեղ կամ այնտեղ, բուժում ստանալ, բայց այդպես չի կարելի: Եթե այդ բուժումը կարելի է Հայաստանում կազմակերպել, պետք է կազմակերպել Հայաստանում և դրա պատասխանատվությունը համապատասխան կառույցներն են կրում»,- ասել է նա:
Անդրադառնալով առաջնագծին, պաշտպանության նախարարն ասել է, որ այս պահին համեմատաբար անդորր է, խաղաղ է: