Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Կարո Փայլանն իր կուսակից գործընկերոջ՝ Էբրու Գյունայի հետ միասին աշխատանքային այցով մեկնել է Ուրուգվայ:
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` հղում կատարելով Diario Armenia-ին, Փայլանը և Գյունայը Մոնտեվիդեոյում մասնակցել են Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում մատուցված պատարագին, որից հետո հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Պոլսհայ պատգամավորը հանդիպել է Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Վռամյան» ակումբում Փայլանին դիմավորել են ավանդական աղուհացով և ջրով: Հանդիպման ժամանակ Փայլանը նշել է, որ ժողովրդավարացման միջոցով է միայն հնարավոր Թուրքիայում փոփոխություններ անել: Ժողովուրդների պայքարը Թուրքիայում նա անվանել է «պայքար ֆաշիզմի դեմ»:
Փայլանն ու Գյունայը մինչև օգոստոսի 24-ը նախատեսում են այցելել նաև Արգենտինա, Բրազիլիա և Չիլի: