Մեծ Բրիտանիայում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությանն անվստահության քվե հայտնելու պլանների մասին: Օգոստոսի 14-ին այդ մասին գրել է Press Association գործակալությունը՝ վկայակոչելով առանց համաձայնագրի Եվրամիությունից դուրս գալու դեմ հանդես եկող պահպանողական պատգամավորներին, ինչպես նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչներին ուղղված բրիտանական ընդդիմության առաջնորդի նամակը:
«Այս կառավարությունն առանց գործարքի դուրս գալու սցենարի իրականացման մանդատ չունի: Ուստի ես մտադիր եմ անվստահության քվե հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ մենք համոզված լինենք հաջողության հարցում»,- ասված է Քորբինի նամակում:
«Կառավարությանը հաջողությամբ անվստահության քվե հայտնելուց հետո ես՝ որպես ընդդիմության առաջնորդ, կձգտեմ հասնել Համայնքների պալատի վստահությանը բացառապես ժամանակավոր կառավարություն կազմելու համար՝ ընդհանուր ընտրությունների անցկացման և դրա համար անհրաժեշտ (Լիսաբոնի պայմանագրի) 50-րդ հոդվածի երկարաձգման նպատակով»,-գրել է նա:
Քորբինը նաև հայտարարել է, որ լեյբորիստներն ապագա ընտրարշավի ընթացքում կքարոզեն Եվրամիությանն անդամակցության նպատակահարմարության հարցի շուրջը երկրորդ հանրաքվեի անցկացման օգտին: