Ջիբրալթարի կողմի իրանական Grace 1 լցանավի կալանավորումը ու այդ հարցում Վաշինգտոնի միջամտությունը վկայում է օրենքի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անհարգալից վերաբերմունքի մասին: Նման կարծիք է հայտնել Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում:
«Չկարողանալով հասնել տնտեսական ահաբեկչության իր նպատակին, ներառյալ՝ քաղցկեղով հիվանդներին դեղորայքից զրկելը, ԱՄՆ-ն փորձում է շահագործել իրավական համակարգը՝ բաց ծովում մեր սեփականությունը հափշտակելու համար»,- Twitter-ում գրել է Զարիֆը:
Նրա պնդմամբ՝ «ծովահենության այդ փորձը վկայում է օրենքի նկատմամբ Թրամփի վարչակազմի անհարգալից վերաբերմունքի մասին»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ջիբրալթարի իշխանություններն ազատ են արձակել լցանավն այն բանից հետո, երբ Իրանի կողմից պաշտոնական վստահեցում են ստացել այն մասին, որ լցանավը նավթ չի մատակարարի Սիրիա: