Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս են հնչել հայտարարություններ, որոնք ուղղակի հարվածի տակ են դնում Արցախի սուբյեկտայնությունը: Ավելին, այս ուղղությամբ ունենք նաև գործնական քայլեր, օրինակ՝ ՀՀ վարչապետի կողմից Արցախի մայրաքաղաքում հանրահավաք հրավիրելու փաստը: Մի կողմ դնենք վարչապետի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը, որն ԱԳՆ-ն հետևողականորեն փորձում է սրբագրել՝ ջանալով ներկայացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համատեքստում: Ենթադրենք թե՝ վարչապետն իսկապես այդ է նկատի ունեցել: Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ կարող է ասել ԱԳՆ-ն վարչապետի այն հայտարարության մասին, որ ՀՀ-ն Արցախում սպասվող ընտրությունների երաշխավորն է լինելու: Կարո՞ղ է արդյոք վարչապետի հայտարարությունների սրբագրմամբ զբաղված նախարարությունը ներկայացնել աշխարհի որևէ այլ ինքնիշխան պետություն, որի ընտրությունների անցկացումը երաշխավորվում է այլ պետության կողմից: Թե՞ Արցախն այլևս ինքնիշխան պետություն չէ մեզ համար:
Գուցե կարելի էր այս հայտարարություններին «ըմբռնումով» մոտենալ՝ դրանք մեկնաբանելով որպես էմոցիոնալ վարչապետի էմոցիանալ ելույթ: Սակայն առնվազն տարակուսանք է առաջացնում նույն մտքի նույն բառակազմով կրկնությունը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից: Սիվիլնեթին տված հարցազրույցի ընթացքում Գրիգորյանը նորից կրկնեց, որ ՀՀ իշխանությունը երաշխավորն է լինելու Արցախում ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացմանը: Ավելին՝ Ախ քարտուղարի համոզմամբ՝ Արցախում սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրությունները «թեստ կլինեն, որպեսզի մենք ընդհանուր հասկանանք՝ ինչ գործընթաց կա Արցախում, դեպի ուր ենք գնում, և ավելի հստակեցնենք ազատ, արդար ընտրությունների պահանջը»: Հիշեցնեմ՝ խոսքը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին անկախություն հռչակած, այդ անկախության համար զենքով պայքար մղած Արցախի Հանրապետությունում սպասվող ընտրությունների մասին է:
Եվ այս ամենից հետո մնում է միայն հուսալ, որ այն ժամանակ, երբ ՀՀ իշխանությունները վերջապես կհասկանան, որ նախ ինքներս պիտի հարգենք Արցախի ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը, հետո նոր պահանջներ ներկայացնենք աշխարհին, շատ ուշ չի լինի: