Ղրղզստանի դատարանը փակ նիստում չի բավարարել երկրի ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նկատմամբ խափանման միջոցը փոխելու պաշտպանության խնդրանքը: Այդ մասին օգոստոսի 16-ին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:
Աթամբաևի կալանքի հարցը քննող Բիշքեկի քաղաքային դատարանի նիստը տեղափոխվել էր Ղրղզստանի անվտանգության պետական կոմիտե:
Աթամբաևին կասկածում են մի քանի ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, օգոստոսի 7-8-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ սպանության փորձի, ինչպես նաև կոռուպցիայի մեջ: Նաև Աթամբաևին վերագրում են Բիշքեկում «Ֆորում» շենքի անօրինական սեփականաշնորհումը, որտեղ գտնվում են նրա կողմից հիմնված Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանը և նրան պատկանող «Ապրիլ» հեռուստաալիքը, ինչպես նաև Կոյ-Տաշ գյուղում անօրինականորեն հողամաս ձեռք բերելը: Բացի այդ, նախկին նախագահին կապում են վեց տարի առաջ քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաևի անօրինական ազատման հետ: