Սպիտակ տունը մտադիր է ավելի քան չորս միլիարդ դոլարով կրճատել ԱՄՆ-ի միջազգային օգնության ծախսերը: Այդ մասին գրել է Politico հրատարակությունը: Միացյալ Նահանգների վարչակազմի աղբյուրների տվյալներով՝ համապատասխան նախագիծը պատրաստել է Սպիտակ տան բյուջետային վարչությունը:
Այդ փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծախսերը կկրճատվեն 2,3 միլիարդ դոլարով, իսկ միջազգային օգնության ծրագրերը, որոնք իրականացվում են Պետդեպարտամենտի շրջանակներում` 2 միլիարդ դոլարով:
Բյուջեի ուղղումները կարող են Կոնգրես ուղարկվել հաջորդ շաբաթվա սկզբին: Օրենսդիրների տնօրինության տակ կլինի 45 օր, որպեսզի հավանություն տան նախագահի առաջարկած փաթեթին կամ մերժեն այն: Սակայն, ինչպես նշում է թերթը, քննարկման ժամանակ վիճելի հիմնադրամները մնում են սառեցված, իսկ սեպտեմբերի 30-ից հետո, երբ ԱՄՆ-ում լրանում է ֆինանսական տարին, դրանք ավտոմատ կերպով կլուծարվեն: