Սուդանի գլխավոր ընդդիմադիր կոալիցիան և իշխող ռազմական խորհուրդը օգոստոսի 17-ին՝ այլ երկրներից ժամանած դիտորդների ներկայությամբ ստորագրել են իշխանության բաժանման մասին վերջնական պայմանագիր։ Այս մասին հայտնում է DW-ն:
Սուդանում իշխանության բաժանումը տեղի է ունեցել նախագահ ալ-Բաշիրի տապալումից հետո։ Առաջիկա շաբաթների ընթացքում երկրում պետք է զինվորականների և ընդդիմության ներկայացուցիչների խորհուրդ ստեղծվի։
Ալ-Բաշիրը, ով առաջին անգամ Սուդանի ղեկավար էր ընտրվել 1993 թվականին, հեռացվել է իշխանությունից 2019 թվականի ապրիլին՝ մի քանի ամիս տևած ցույցերից հետո, որոնք ուղեկցվել են մարդկային կորուստներով։
Պլանի համաձայն՝ պայմանագրի ստորագրման հաջորդ օրը պետք է ստեղծվի խորհուրդ՝ կազմված քաղաքացիական հասարակության 6 ներկայացուցիչներից և 5 զինվորականներից: Խորհրդի ստեղծմանը կհաջորդի նոր վարչապետի նշանակումն օգոստոսի 20-ին և անցումային կառավարության անդամների նշանակումն օգոստոսի 28-ին։ Եռամյա անցումային շրջանից հետո ծրագրվում է նոր ընտրություններ անցկացում:
Ալ-Բաշիրն այժմ գտնվում է հատկապես վտանգավոր հանցագործների համար նախատեսված բանտում։ Նրան կոռուպցիոն մեղադրանքներով դատավարություն է սպասվում։ Բացի այդ, Միջազգային քրեական դատարանը հայտարարել է Ալ-Բաշիրին ռազմական հանցագործությունների համար ներգրավելու մտադրության մասին, սակայն ավելի վաղ Սուդանի զինվորականները հայտնել են, որ չեն պատրաստվում հանձնել նախկին նախագահին Միջազգային քրեական դատարան: