Երեկ երեկոյան Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումն իր գործընկերոջ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ գրառում կատարելով Facebook-ի իր էջում:
Նա, մասնավորապես գրել է.
"Երեկ երեկոյան Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը իր գործընկերոջ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր։
Գոհունակություն հայտնելով հարաբերությունների ներկայիս մակարդակի վերաբերյալ և ընդգծելով դրանց ռազմավարական դաշնակցային բնույթը, պաշտպանության նախարարները կարևորել են համատեղ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, ռազմական կրթության, ՌԴ 102-րդ ռազմակայանի մարտունակության ամրապնդման և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը։
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Պարոն Դավիթ Տոնոյանը և բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական ծրագրերի իրականացման շուրջ։"