Թուրքիայի հարավ-արևելքում 3 քաղաքների քաղաքապետերի փոխարինումը լուրջ մտահոգություն է հարուցում, քանի որ հարցականի տակ է դնում ընտրությունների ժողովրդավարական արդյունքների նկատմամբ հարգանքը, երկիրը պետք է դադարեցնի միջոցառումները, որոնք խոչընդոտում են տեղական ժողովրդավարության գործառնությանը: Այս մասին ասված է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Թուրքիայի ՆԳՆ-ն հայտնել էր երկրի հարավ-արևելքում Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետերին պաշտոններից հեռացնելու մասին՝ նրանց մեղադրելով Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ: Հաղորդագության մեջ նշված էր, որ ՔԱԿ կառույցները մի քանի քաղաքապետերի օգտագործել են իրենց նպատակների համար, որոնք այդ կազմակերպությանը ցուցաբերել են ֆինանսական, տրանսպորտային և վարչական աջակցություն: Անցկացված քննության արդյունքում քաղաքապետեր Ադնան Սելչուկ Մըզրաքլըն, Ահմեթ Թյուրքը և Բեդիա Օզգյոքչե Էրթանը հեռացվել էին:
Հաղորդվել է այս քաղաքների քաղաքապետերի պաշտոնակատարների նշանակման, քաղաքապետարաններում խուզարկությունների, ինչպես նաև թուրքական 29 նահանգներում ՔԱԿ-ի հետ կապերի մեղադրանքով 418 մարդու ձերբակալության մասին:
Երեք քաղաքապետերի փոխարինումը «լուրջ մտահոգություն է հարուցում, քանի որ հարցականի տակ է դնում մարտի 31-ի ընտրությունների ժողովրդավարական արդյունքները», նշված է հայտարարության մեջ: