Ամուլսարի շահագործման վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումը, չնայած առաջ բերած հանրային լայն դժգոհություններին, ինչն, ի դեպ, խիստ հիմնավոր է՝ հաշվի առնելով առնվազն այն, որ ձեռք բերված փորձագիտական եզրակացությունը համալիր բնապահպանական եզրակցություն չէ, ունի նաև արտաքին բաղադրիչ: Մի կողմից այն Հայաստանում պետություն-ներդրող հարաբերությունների որակն ու վստահելիությունն է, մյուս կողմից՝ կոնկրետ Լիդիանի դեպքում ամերիկյան խոշոր ներդրողի նկատմամբ ՀՀ կառավարության որդեգրած դիրքորոշումը: Երկու դեպքում էլ պահանջվում էր ճիշտ հաշվարկված մոտեցում, ինչը, սակայն, որևէ կերպ չէր նշանակում հանքի շահագործման թույլտվություն՝ առնվազն վստահություն չներշնչող փորձագիտական եզրակացության հիման վրա:
Դեռ մեկ տարի առաջ վարչապետ Փաշինյանը նշում էր, որ փորձաքննությունը պիտի իրականացվի ոլորտի լավագույն, առաջատար կազմակերպություններից մեկի կողմից: Արդյունքում որոշվեց Ամուլսարի հարցով փորձագիտական եզրակացությունը վստահել լիբանանյան մի կազմակերպության, որին դժվար է իր ոլորտում աշխարհի առաջատար կազմակերպությունների շարքին դասել: Սա շատ կարևոր հարց է, որի պատասխանները ավելի ու ավելի շատ հարցեր են առաջացնում: Սակայն սա միակ հարցը չէ:
Առնվազն մտորելու տեղիք է տալիս նաև այն հանգամանքը, որ Ամուլսարի հարցով փորձագիտական եզրակացությունը հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ մեկնելուց առաջ: Այն, որ Միացյալ Նահանգների համար Լիդիանի շուրջ ստեղծված իրավիճակն ուշադրության կենտրոնում էր, ամերիկացի մեր գործընկերները բազմիցս են նշել: Այդ մասին մոտ մեկ տարի առաջ խոսել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը՝ ասելով, թե ամերիկյան հնարավոր ներդրողները ցանկանում են տեսնել, թե կառավարությունն ինչպես է վերաբերվում ինչպես ամերիկյան, այնպես էլ տեղական կազմակերպությունների հետ կապված խնդիրներին: «Նրանք նաև հետևում են «Լիդիան» ընկերության հետ կապված հարցերին, և ինչպես է կառավարությունը լուծում նման զգայուն ու վիճելի հարցերը: Արդյո՞ք «Լիդիանը» արդարացի վերաբերմունքի կարժանանա այդ գործընթացի ընթացքում», - նշել էր դեսպանը:
Իհարկե, չի կարելի գերագնահատել Լիդիանի դերը հայ-ամերիկյան հարաբերություններում, բայց անլուրջ կլինի նաև այն թերագնահատելը: Եվ դրա կարևորությունը հասկանալու տեսանկյունից շատ հետաքրքիր կարող է լինել վարչապետի սպասվող այցն ԱՄՆ: