Հայտնի լրագրող, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովն արձագանքել են Մոսկվայում գտնվող «Արմենիա» խանութ-սրճարանը բոյկոտելու ընդդիմադիրների կոչերին, գրում է RusArmInfo-ն:
Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ընդդիմադիրներին և իր աջակցությունը հայտնել հաստատությանը՝ նշելով, որ այնտեղ հիմնականում հայեր են այցելում, որոնք կարոտում են հայկական ուտելիքները:
«Մի գաղտնիք բացեմ: «Արմենիա» խանութ են այցելում հայրենիքի ուտելիքները կարոտող հայերը։ Եվ դա նույնիսկ ես էլ չեմ, քանի որ ես Հայաստանում երկու անգամ մի քանի օրով եմ եղել և տեղական սննդին կարոտել չեմ կարող։ Իսկ «Արմենիա» են գնում այն հայերը, որոնք պետք է ճաշի համար մածուն, բլղուր և այդպիսի բաներ գնեն, որոնք սիրում է իմ սկեսուրը»,- Telegram-ի իր էջում գրել է Սիմոնյանը:
Վլադիմիր Սոլովյովը նույնպես իր աջակցությունն է հայտնել հայերին՝ նշելով, որ ընդդիմադիրների որդեգրած մեթոդները գալիս են արտասահմանից, և որ դրանք պարզապես «ծիծաղելի» են:
Նշենք, որ «Արմենիա» խանութ-սրճարանը հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ սեփականատերերը հայց էին ներկայացրել «հանուն արդար ընտրությունների» չհամաձայնեցված ակցիայի կազմակերպիչների դեմ, որն անցկացվել էր հաստատության անմիջական հարևանությամբ: