Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 66 մակնիշի ՊՆ 6710 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վիրավորներից մի մասին ավտոմեքենայից դուրս են բերել զինծառայողները, մի մասին էլ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողներն ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը:
Ժամանել են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության Նոյեմբերյանի ռազմական ոստիկանության բաժնի աշխատակիցները:
Ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, բոլոր վիրավորները պայմանագրային զինծառայողներ են, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
Տեղեկատվությունը ֆեյսբուքյան իր էջում հաստատել է նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: