Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրազիլիայում գտնվող Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում ռեկորդային թվով հրդեհները «միջազգային ճգնաժամ» է անվանել, որը պետք է «Մեծ Յոթնյակի» (G7)՝ օրերս կայանալիք գագաթնաժողովի օրակարգում առաջնային քննարկման դրվի:
«Մեր տունն այրվում է: Ամազոնյան անտառները, որոնք մոլորակի թթվածնի 20%-ն են արտադրում, այրվում են: Դա միջազգային ճգնաժամ է: G7-ի անդամ երկրներ, եկեք առաջնահերթ քննարկենք այդ հարցը»,- թվիթերյան իր էջում գրել է նախագահը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նույնպես մեկնաբանել է Ամազոնյան անտառներում բռնկված ռեկորդային թվթվ հրդեհները՝ նշելով, որ «խորապես մտահոգված» է դրանց առնչությամբ:
Հրդեհների թվի ռեկորդային աճի համար քննադատները մեղադրում են երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որը, նրանց խոսքով, չի կանգնեցնում անտառահատումներն ու ֆերմերներին խրախուսում է ընդլայնել իրենց տարածքները: Բոլսոնարուն իր հերթին հրդեհների համար մեղադրել է ոչ կառավարական կազմակերպություններին՝ միևնույն ժամանակ խոստովանելով, որ մեղադրանքը հիմնավորող ապացույցներ չունի: