Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է համաչափ պատասխան պատրաստել ԱՄՆ-ում նոր թևավոր հրթիռի փորձարկմանը: Այս մասին Պուտինը հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նկատի ունենալով նոր ստեղծված իրավիճակը՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը, ԱԳ նախարարությանը, այլ ճյուղային գերատեսչություններին հանձնարարում եմ վերլուծել սպառնալիքի մակարդակը, որը մեր երկրի համար ստեղծվել է Միացյալ Նահանգների նշված գործողությունների հետևանքով, և համաչափ պատասխան պատրաստելու համար սպառիչ միջոցառումներ ընդունել»,- ասել է Պուտինը:
Նա նաև նշել է, որ ամերիկացի բարձրաստիճան քաղաքական գործիչների հայտարարությունների համաձայն՝ հրթիռների տեղակայումը կարող է սկսվել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից:
Միևնույն ժամանակ Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը չի ցանկանում և չի ներքաշվի սպառազինության մրցավազքի մեջ ու նախկինի պես բաց է ԱՄՆ-ի հետ կառուցողական երկխոսությանը՝ վստահության վերականգնման և միջազգային անվտանգության ամրապնդման համար:
Խոսքը վերգետնյա բազավորման ոչ միջուկային թևավոր հրթիռի փորձարկման մասին է, որն ԱՄՆ-ն անցկացրել էր օգոստոսի 18-ին: Այն «Տոմոհավկի» տարբերակ է, որը նախկինում արգելված էր Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրով: