Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հարցազրույց է տվել NEWS.am-ին, որտեղ նշել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնարար երեք սկզբունքները:
«Որպես արտաքին քաղաքականության առանցքային սկզբունք առանձնացվել է ինքնիշխանությունը, որի պրիզմայից էլ մենք դիտարկում ենք մեր քայլերը՝ ի նպաստ մեր պետական շահերի: Սա այն է, ինչ կառավարությունը, մասնավորապես՝ ԱԳ նախարարը բազմիցս ներկայացրել է որպես հայաստանակենտրոն քաղաքականություն:
Երկրորդ սկզբունքը համահայկականությունն է: Սա արտահայտում է մեր հավաքական ներուժը լավագույնս օգտագործելու մեր նպատակը՝ մեր հավաքական շահերի, ազգային ինքնության, քաղաքակրթական, ժողովրդավարական արժեքների և պետության ամրապնդման ու զարգացման նպատակների առաջմղման համար:
Փոխգործակցությունը երրորդ հիմնարար սկզբունքն է, որն իր մեջ ներառում է իրավահավասար և փոխշահավետ համագործակցություն միջազգային հանրության հետ՝ ի նպաստ խաղաղության, անվտանգության և զարգացման:
Այսպիսով, ինքնիշխանությունը, համահայկականությունը և փոխգործակցությունն են ձևավորում արտաքին քաղաքական ոլորտում մեր գործունեության տրամաբանության շրջանակը, դրանք են մեր արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները», - նշել է Նաղդալյանը:
Ըստ մամուլի խոսնակի, օգոստոսի վերջին Երևանում մեկնարկելու է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ավանդական հավաքը, որն այս տարի հանդես է գալու նոր ձևաչափով: Այն ներառելու է ՀՀ պետական գերատեսչությունների, ԱԺ պատգամավորների, ԱԳՆ կենտրոնական ապարատի, դիվանագիտական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ մի քանի օր տևող ակտիվ և փակ քննարկում՝ տարածաշրջանային և միջազգային զարգացումների, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և այդ տրամաբանության ներքո ձեռնարկվող և ձեռնարկվելիք քայլերի շուրջ: