ԱՄՆ-ն միշտ պատրաստ է առևտրի ոլորտում բանակցել Չինաստանի հետ, չնայած Չինաստանից ապրանքների համար մաքսատուրքերը բարձրացնելու որոշմանը: Այս մասին մինչ G-7 գագաթնաժողովի համար Ֆրանսիա մեկնելը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Պետության ղեկավարին հարցրել են՝ արդյոք նա պատրա՞ստ է բանակցություններ վարել Չինաստանի հետ ՝ չնայած սակագների խստացման որոշմանը: «Տեսնենք, թե ինչ կլինի: Նրանք ցանկանում են բանակցություններ վարել: Այո, ես միշտ բաց եմ բանակցությունների համար», - ասել է նա:
«Մենք մի փոքր վեճ ունենք Չինաստանի հետ, որից հաղթող դուրս կգանք: Այսօր մենք շատ շատ մաքսատուրքեր ենք կիրառել չինական ապրանքների համար: Նրանք մեր դեմ մի քանիսն են կիրառել, իսկ մենք՝ բազմաթիվ», -ասել է Թրամփը՝ նորից Չինաստանին մեղադրելով ԱՄՆ-ի հաշվին հարստանալու մեջ:
Նախագահը նաև պնդել է, որ Չինաստանի շուրջ ստեղծված իրավիճակում մեղավոր են նրա նախկին ղեկավարները: