Հայաստանի պաշտպանության նախարարության՝ զենքի մատակարարման վերաբերյալ տենդերի խափանումից հետո, որին մասնակցում էր միայն ռուսական ORSIS ընկերությունը, հարուցվել է քրեական գործ։ Այս մասին, ինչպես փոխանցում է Sputnik-Արմենիան, տեղեկացնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ORSIS-ի ներկայացուցչին:
2019թ.-ի մայիսին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր տենդեր՝ մի քանի միլիոն դոլար արժողության զենք-զինամթերք մատակարարելու վերաբերյալ։ Ռուսական ORSIS ընկերությունը հայտ էր ներկայացրել, սակայն տենդերը շուտով փակվել է՝ ընկերության համար անհայտ պատճառով։ Դրանից հետո ռուսական ընկերությունը դիմել է բողոքարկման հանձնաժողովին և Հայաստանում իրենց շահերը ներկայացնող փաստաբանին, որոնց գործողությունների արդյունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ մրցույթի վերաբերյալ իրավիճակը պարզելու համար իրենք արդեն դիմել են Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդին։
Հայաստանի ՊՆ-ն հաստատել է քրեական գործի հարուցման փաստը։ Գործը նախաքննության փուլում է։