Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Չինաստանի իր պաշտոնակից Վան Իի հրավերով օգոստոսի 26-ին ժամանել է Պեկին: Պեկինից Զարիֆն սկսել է իր ասիական շրջագայությունը, որի ընթացքում կայցելի նաև Ճապոնիա և Մալայզիա:
Զարիֆի այցը մեկ օրով հետաձգվել էր այն պատճառով, որ իրանցի նախարարը նախօրյակին այցելել է ֆրանսիական Բիարից, որտեղ նա բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի և ԱԳ նախարար Ժան-Իվ լե Դրիանի հետ:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, մեկնաբանելով Զարիֆի բլից-այցը Բիարից, հանդես է եկել ի աջակցություն բանակցային գործընթացի:
«Եթե ես իմանայի, որ իմ այս կամ այն հանդիպումը կբերի ժողովրդի խնդիրների լուծմանը, ես չէի տատանվի,-ասել է Ռոուհանին՝ ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ:-Ես կարծում եմ, որ հանուն մեր ազգային շահերի մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները»: