Ֆրանսիայում ընթացող Մեծ յոթնյակի երկրների հանդիպման օրակարգային հարցերից է համաշխարհային առևտրային հարաբերություններում առկա խնդիրների համախումբը: Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, որը կոչված է լուծելու միջազգային առևտրային հարաբերություններում առաջացած խնդիրները վերջին երկու տարիների ընթացքում հատկապես չի կարողանում իրականացնել իր առաքելությունը : Եվ պատահական չէ Մեծ յոթնյակի գագաթաժողովի կուլիսներում Մերկելի գնահատականն առ այն, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անաշխատունակ է:
Նախ, իսկզբանե նշենք, որ կառույցին անդամակցությունը ենթադրում է ազատ առևտրի իրականացման՝ ԱՀԿ սահմանած նորմերի մասին վկայող հուշագրի ստորագրում: ԱՀԿ-ն կոչված է վերահսկելու անդամ-երկրների կողմից ստորագրված հուշագրի դրույթների կատարումը: Հայտնաբերված խախտումներով ու առևտրային վեճերով զբաղվում է Վեճերը լուծող մարմինը:
Կառույցի ներկայիս գործունեության ձևի հիմնական քննադատները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, պնդում են, որ կառույցն ունի բարեփոխումների կարիք: ԱՀԿ հիմնական նպատակն ազատ առևտրային հարաբերությունների ապահովումն է: Այդ պրոցեսում տարբեր պետություններ տարատեսակ գործիքներով հաճախ միջամտում են՝ ի նպաստ սեփական բիզնեսի շահի: ԱՀԿ –ն չունի լծակներ այդ գործընթացների վրա ազդելու համար, ինչն էլ կառույցի բարեփոխումներին աջակից պետությունների համար հիմնական խնդիրն է:
Ըստ էության, ազատ առևտրային հարաբերությունների կարգավորման տեսանկյունից խնդիրը երկակի է. մի կողմից պետությունների միջամտությունը խոչընդոտում է առևտրում լիարժեք ազատականացված հարաբերություններին, մյուս կողմից այդ պետություններին սահմանափակելը ոտնձգություն է սուվերեն տնտեսական քաղաքականություն վարելու իրենց ազատ իրավունքի նկատմամբ: Սա մի կողմից է հարվածում ԱՀԿ –ի գործունեության արյդունավետությանը: Մյուս կողմից Միացյալ Նահանգների ու Չինաստանի միջև վերջին տարիներին սրված առևտրային հարաբերություններն են, որոնք ոչ մի կերպ չեն ենթարկվում ԱՀԿ վերահսկողությանը: Մինչդեռ այսօր խնդիր ունենք ոչ միայն այս ուղղությամբ. Միացյալ Նահանգները տարատեսակ առևտրային խնդիրների մեջ է մտնում Եվրամիության երկրների հետ: Այս ամենը գլոբալ ազդեցություն կթողնի համաշխարհային տնտեսության վրա, և հետևաբար՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության գործունեության սկզբունքներն ու մեխանիզմներն իսկապես վերանայման կարիք ունեն:
Դրական է, որ Մեծ Յոթնյակի երկրներն այս հարցում միակարծիք են: