Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են Եվրախորհրդարանի պատգամավորին
Եվրախորհրդարանի պատգամավոր Մ. Զոնեբորնի գլխավորած պատվիրակությունը Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ ժամանել են Արցախ և հանդիպումներ ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և «ԱՀ-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի պատգամավորների հետ:
Ողջունելով պատգամավորի հերթական այցն Արցախ՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Մարտին Զոնեբորնին Եվրախորհրդարանի ընտրություններում վերջերս գրանցած հաջողության առիթով և ընդգծել նրա դերակատարությունը Գերմանիայից տարբեր բնագավառների մասնագետների այցելությունն Արցախ կազմակերպելու գործում: «Նման մակարդակով համագործակցությունը Եվրոպական ընդհանուր ընտանիքի հետ հարաբերություններ հաստատելու լավագույն միջոցն է, ինչի շնորհիվ նաև աշխարհին են ներկայացվում այն ցանկություններն ու երազանքները, որոնք ունի Արցախի ժողովուրդը», - նշել է Ա. Ղուլյանը:
Մարտին Զոնեբորնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով արդեն իսկ հաստատված ամուր կապերի շարունակականությունը. «Ուրախ եմ, որ Արցախի նկատմամբ հետաքրքրությունն աճում է մեր փոքրիկ աշխարհում՝ Գերմանիայում, ինչի վառ ապացույցը Գերմանիայից նախորդ տարվա համեմատ հինգ անգամ ավելի մեծ պատվիրակության այցն է Արցախ»:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը:
Այնուհետև Եվրախորհրդարանի պատգամավորի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան»բարեկամական խմբի անդամներին: Քննարկվել են հետագա համատեղ ծրագրերի իրականացմանը, ոլորտային ուղղություններով մասնագիտական մակարդակով խորհրդատվությունների անցկացմանն ու դիտորդական գործունեության իրականացման վերաբերյալ հարցեր: