Սեպտեմբերի 8-ին Արցախում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրություններ կանցկացվեն արցախյան 228 համայնքներում: Օգոստոսի 15-ից սկսվել է նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև սեպտեմբերի 6-ը ներառյալ: Արցախի ԿԸՀ տվյալների համաձայն, ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 416 թեկնածու համայնքների ղեկավարների պաշտոնի համար և 1401 թեկնածու՝ ավագանու անդամների համար:
Շատ քաղաքական ուժեր և ակտիվիստներ դիտարկում են Արցախում կայանալիք ընտրությունները որպես նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլ, որոնք տեղի են ունենալու 2020 թվականի գարնանը: Հատուկ ուշադրության են արժանի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները: Այս պաշտոնին հավակնում է 5 թեկնածու՝ չորս անկախ ինքնառաջադրված և ևս մեկ թեկնածու՝ առաջադրված վերջերս հիմնադրված «Ինքնուրույնություն և միասնություն» կուսակցության կողմից: Թեկնածուները բավականին երիտասարդ են՝ բոլորը 40-45 տարեկան են: Նրանցից ոչ մկեը նախկինում ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվել:
Փորձագետների ակնկալիքով հիմնական ինտրիգը լինելու են Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները և հնարավոր է՝ ներկայիս նախընտրական քարոզարշավը որոշակի ճշգրտումներ մտցնի նախորդող քաղաքական պայքարում և Արցախի քաղաքական ուժերի դասավորվածության հարցում՝ մինչև 2020 թվականի ակտիվ քաղաքական գարուն:
Արցախի ԿԸՀ-ում շարունակվում է ընտրությունների դիտորդների գրանցումը. տեղական դիտորդները կարող են հավատարմագրվել մինչև օգոստոսի 29-ը, իսկ միջազգային դիտորդները՝ մինչև սեպտեմբերի 7-ը: Շարունակվում է նաև ԶԼՄ-րի հավատարմագրումը: