ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի և Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ալեքսանդր Արզումանյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասինհայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ֆեյսբուք»-ի էջը.
«ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը բարձրաստիճան հյուրին և նրա ուղեկիցներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը:
Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: Շվեդիայից ժամանած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, Հակոց ցեղասպանության պատմության մանրամասներին:
ՀՑԹԻ տնօրենը Անդրեաս Նորլենին նվիրեց ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ: Այցի ավարտին Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Շնորհակալություն, որ օգնում եք մեզ չմոռանալ այն, ինչ երբեք չպետք է մոռացվի»: