Նիկոլ Փաշինյանի կողմից հանրային դրական տրամադրություններ ապահովելու համար հաճախ են ներկայացվում վիճակագրական աճող ցուցանիշներ: Բոլորովին վերջերս վարչապետը ժողովրդին հրամցրեց դրանցից մի քանիսը ևս, այդ թվում՝ Սևանից ջրառի մասին: Համաձայն վարչապետի փոխանցած տեղեկության, այս տարի Սևանից ջրառը 51 միլիոն խ/մ-ով պակաս է եղել:
Այս, ինչպես նաև մնացած այլ վիճակագրությունները, պետք է ենթարկվեն ուսումնասիրության: Ընդ որում, խոսքը ոչ թե ներկայացվող թվի իսկության մասին է, այլ՝ այդ թվի իրական պատճառների:
Կոնկրետ Սևանից ջրառի մասով: Բոլորիս է հայտնի, որ Հայաստանի գյուղատնտեսական ցանքատարածությունների մեծ մասը ոռոգվում է հենց Սևանա լճի ջրով: Սևանա լճի ջրերն այլևս ոռոգման նպատակով չօգտագործելու կոնցեպտը լավն է, սակայն եթե մինչ այդ լուծվում է ոռոգման խնդիրը: Փաստացի այսօր գյուղատնտեսները կանգնած են ոռոգման խնդրի առաջ: Օգոստոսի 27-ին «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին բարձրաձայնեց խնդրի հրատապությունը՝ մատնանշելով գյուղացիական տնտեսություններից հնչող դժգոհությունները չոռոգվող բանջարաբոստանային մշակաբույսերի հետ կապված: Ի դեպ, նույն խնդիրը եղել է նաև անցյալ տարի, ինչի արդյունքում բոլորս ականատես եղանք միրգ/բանջարեղենի բարձր գներին:
Պարբերաբար ներկայացվող այլ ցուցանիշների աճը ևս պետք է ենթարկվեն վերլուծության: Օրինակ՝ առևտրի շրջանառության 8,9%-անոց աճը, որի մասին կրկին գրառում էր արել Նիկոլ Փաշինյանը: Առևտրի շրջանառության ցուցանիշը պետք է դիտարկել երկու այլ ցուցանիշների համատեքստում՝ ապրանքաշրջանառության և սպառողական գների ինդեքսի: Այսպես, 2019թ.-ին ՀՀ ապրանքաշրջանառության աճ գրեթե չի գրանցվել. արտահանման ծավալները կրճատվել են 0,5%-ով, իսկ ներկրման ծավալները աճել են 1%-ով: Ինչ վերաբերում է Սպառողական գների ինդեքսին, ապա 2019թ. Առաջին կիսամյակում 2018թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ինդեքսն աճել է 1,9%-ով[1] : Այսինքն ստացվում է, որ առևտրաշրջանառության աճող ցուցանիշը հիմնականում պայմանավորված է գների աճով:
Արդյունքում, կրկին բախվում ենք վիճակագրական թվերի մանիպուլյացին: Մինչդեռ ներկայացվող աճը շատ հաճախ խոսում է տնտեսությունում ընթացող բացասական միտումների մասին: