ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցիչն Իսրայելի կողմից Լիբանանի օդային տարածքը խախտելուց հետո դիմել է Անվտանգության խորհրդին և կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ Իսրայելի վրա արդյունավետ ճնշում գործադրելու խնդրանքով: «Լիբանանը կրկին խնդրում է Անվտանգության խորհրդին և Անվտագության խորհրդի միջոցով ողջ միջազգային հանրությանը անհրաժեշտ արդյունավետ ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ խախտումները դադարեցնելու համար», - ասվում է նամակում:
Օգոստոսի 24 լույս 25-ի գիշերն իսրայելական անօդաչու թռչող սարքերը հարձակում են գործել Հզբոլլահ շարժման դիրքերի վրա Բեյրութի հարավում: ԱԹՍ-ներից մեկը պայթել է երկնքում, մյուսն ընկել է շիական շարժման մամուլի կենտրոնի մոտ: Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին միջադեպն անվանել է Լիբանանի ինքնիշխանության դեմ չքողարկված ագրեսիա, իսկ Հզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահն արդեն խոստացել է համարժեք պատասխան տալ Իսրայելին:
Իսրայելը վերջին շրջանում ակտիվ պայքար է սկսել տարածաշրջանում Իրանի և վերջինիս դաշնակիցների դեմ: Այսպես, օգոստոսի 24 լույս 25-ի գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել նաև Սիրիայում իրանական հատուկ նշանակության «Ալ-Կուդս» ուժերի և շիական միավորումների դիրքերին, ինչի մասին հայտարարել է անձամբ վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Եվ եթե Սիրիայի տարածքում իրանական դիրքերին իսրայելական հարվածները նոր չեն, և վերջին շրջանում Իսրայելը նույնիսկ սկսել է բարձրաձայնել դրանց մասին, ապա Իրաքում իսրայելական հարձակումները նորություն են: Այսպես, Իսրայելի վարչապետը հարցազրույցներից մեկում չի հերքել օգոստոսի 21-ին Իրաքում ժողովրդական աշխարհազորայինների ռազմաբազաների վրա ԱԹՍ-ների հարձակմանն Իսրայելի մասնակցությունը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ վերջին մեկ ամսվա ընթացքում սա Իրաքում Իրանի և վերջինիս դաշնակիցների դիրքերի վրա իսրայելական հարձակման առաջին դեպքը չէ:
Իսրայելն այսպիսով փորձում է նվազեցնել Իրանի ակտիվությունը Մերձավոր Արևելքում: Հիշեցնենք, որ Իսրայելն անվտանգային լուրջ մտավախություններ ունի Իրանի հետ կապված: Իրանի դեմ պայքարի ակտիվացումն այս շրջանում մի կողմից կարող է Նեթանյահուի համար քաղաքական դիվիդենտներ բերել սեպտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում, մյուս կողմից նպաստում է Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ քաղաքականությանը:
Սակայն իրականում Իսրայելի այս քաղաքականությունը կարող է հակառակ ազդեցություն ունենալ: Չի բացառվում, որ,հաշվի առնելով իսրայելական վտանգը, Սիրիայում, Իրաքում և Լիբանանում էլ ավելի մեծանան իրանամետ տրամադրությունները՝ ամրապնդելով այդ երկրներում Իրանի դիքերը:
Մյուս կողմից՝ Իսրայելի գործողությունները մեծացնում են անկայությունը տարածաշրջանում. Իրանի կողմից Իսրայելի գործողություններին համարժեք պատասխանի դեպքում մեծ է Մերձավոր Արևելքում ռազմական նոր հակամարտության վտանգը, որը կարող է շատ ավելի աղետալի հետևանքներ ունենալ: