ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը կկայանա հոկտեմբերի 25-ին Մոսկվայում, կքննարկվի պետությունների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող առաջարկությունների փաթեթը: Այդ մասին օգոստոսի 28-ին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Գումինսկին:
«Ենթադրվում է, որ Մոսկվայի հանդիպմանը կառավարությունների ղեկավարները կքննարկեն Համագործակցության շրջանակում տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերը: Մասնավորապես, կարծարծվի թվային տնտեսության ոլորտի զարգացումը»,- նշել է Գումինսկին:
Նրա խոսքով, քննարկվելու է նաև ԱՊՀ-ի երկրների տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարությունը, պլանավորվում է որոշում ընդունել 1979-1989 թվականներին Աֆղանստանում պատերազմի տարիներին անհետ կորած զինծառայողների որոնումը շարունակելու մասին:
Բացի այդ, որոշումներ կընդունվեն «տնտեսական հարցերի, հակամենաշնորհային կարգավորման, անասնաբուժության, ռադիոնավիգացիայի և այլ թեմաների վերաբերյալ, որոնք վերաբերում են Համագործակցության բոլոր պետությունների շահերին»: