Միացյալ Նահանգները կաշխատեն Ռուսաստանին «Մեծ յոթնյակ» վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox59 հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահ Թրամփը հավանություն էր տվել Ֆրանսիայի նախագահի այն առաջարկին, որ 2020-ին ԱՄՆ-ում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթաժողովին հրավիրվի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Սակայն ամերիկյան կողմի այս պատրաստակամությունը՝ վերականգնելու «Մեծ ութնյակի» ձևաչափը լայն աջակցություն չի վայելում մյուս առաջնորդների կողմից: Պատճառը՝ ուկրաինական խնդիրն է և Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը: Եվրամիության ներկայացուցչի փոխանցմամբ՝ իրենք դեմ կարտահայտվեն ՌԴ վերադարձին այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացել այն հիմքերը, որոնց պատճառով Ռուսաստանը դուրս է մնացել «ակումբից»: Իսկ Ռուսաստանը «Մեծ ութնյակից» դուրս է մնացել 2014 թվականից՝ Ղրիմն իր տարածքում ընդգրկելու մասին համապատասխան որոշումից հետո:
ԱՄՆ նախագահի համոզմամբ, այնուամենայնիվ, կան հարցեր, որոնց շուրջ ՌԴ-ի հետ նշյալ ձևաչափով քննարկումները օգտակար և արդյունավետ կարող են լինել: Ակումբ վերադառնալու հեռանկարին դրական է արձագանքել նաև պաշտոնական Մոսկվան: Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ համապատասխան առաջարկի դեպքում իր երկիրը պատրաստ է վերադառնալ աշխարհի առաջատար երկրների ակումբ: Սակայն Ռուսաստանի ներսում այս հարցում կարծիքները տարբեր են: Որոշ փորձագիտական շրջանակներ բացասաբար են վերաբերվում «Մեծ յոթնյակ» վերադառնալու հեռանկարին՝ հիմնավորելով այն իրենց մտավախությամբ, որ ակումբն այդպիսով կվերածվի «յոթն ընդդեմ մեկի» ձևաչափի: Եվ հաշվի առնելով այն փաստը, որ վերջին տարիներին «Մեծ յոթնյակի» գագաթաժողովների հիմնական թեման Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն են, այս մոտեցումն առավել քան հիմնավոր է:
Կվերադառնա՞ Ռուսաստանը «Մեծ յոթնյակ». մոտ ապագայում՝ դժվար թե: Աշխարհի առաջատար երկրների համար իրենց կողմից ՌԴ-ի առաջ դրած պահանջները չկատարած նրան հետ ընդունելը սկզբունքի հարց է, և ընթացիկ զարգացումները ցույց են տալիս, որ այս պահին նրանք պատրաստ չեն այդ քայլին: