Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ էրդողանի՝ օգոստոսի 27-ին կայացած հանդիպումը վկայում է տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերադասավորումների մասին:
Չնայած Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռքբերելու հարցում ամերիկյան ճնշմանը՝ Թուրքիան մտադիր է խորացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական ոլորտում: Ս-400-ների ձեռքբերման պատճառով Թուրքիային հեռացնելը ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրից, ինչպես և ենթադրում էր, վերջինիս ստիպում է դրան փոխարինող գտնել ռուսական շուկայում: էրդողանը մերձմոսկովյան ժուկովսկում տեղի ունեցած «MAKS-2019» միջազգային ավիատիեզերական տոնավաճառ-ցուցահանդեսի բացմանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ռուսական ռազմական ինքնաթիռների նկատմամբ: Կողմերը մասնավորապես քննարկել են համագործակցությունը ռուսական Սու-37 ինքնաթիռի հարցում, նոր Սու-57 ինքնաթիռների ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքը և այլն:
Ռազմական ավիացիայի ոլորտում ռուս-թուրքական համագործակցությունն էլ ավելի կխորացնի Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև տարաձայնությունները, իսկ ամերիկյան նոր պատժամիջոցները, որոնք սահմանելու կոչերով հանդես են գալիս ամերիկացի կոնգրեսականները, իրավիճակը միայն կարող են էլ ավելի բարդացնել՝ ՆԱՏՕ անդամ և տարածաշրջանում Արևմուտքի հիմնական դաշնակից Թուրքիային վերջնականապես կողմնորոշելով դեպի Ռուսաստան:
Ինչ վերաբերում է կանխատեսումներին, որ սիրիական Իդլիբի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա տարաձայնություններն առաջիկայում կխոչընդոտեն կողմերի առավել մերձեցմանը, ապա, ինչպես ցույց են տալիս նախօրեին կայացած բանակցությունների արդյունքով կողմերի հայտարարությունները, դրանք քիչ հավանական են: Ռուսաստանն ու Թուրքիան բավականին արդյունավետ են համագործակցում Սիրիայում՝ ունենալով միանգամայն հակառակ մոտեցումներ սիրիական հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության քաղաքական կարգավորման փուլում, իհարկե, կողմերի միջև առկա տարաձայնություններն իրենց ավելի շատ են զգացնել տալու, քան ռազմական փուլում, սակայն և՛ Մոսկվան, և՛ Անկարան, կարծես թե, պատրաստ են փոխզիջումների: Երկու երկրներն էլ ընդգծում են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի անհրաժեշտությունը: Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում Թուրքիայի անվտանգային մտավախությունների կապված Սիրիայի հյուսիսային շրջանների հետ: Այստեղ պետք է նկատել, որ Ռուսաստանն էրդողանի հիմնական թիրախ հանդիսացող Սիրիայի քրդերի նկատմամբ պարտավորություններ չունի, ի տարբերություն Միացյալ Նահանգներին, և այդ հարցում ավելի շատ մանևրելու հնարավորություն ունի: Միևնույն ժամանակ, Թուրքիան այլևս նույն եռանդով չի պնդում Ասադի հեռանալու վրա: Ըստ էության, կողմերը դանդաղ, բայց քայլեր են ձեռնարկում առկա տարաձայնությունները հարթելու ուղղությամբ: