Վարչապետի կողմից ներկայացվող ցուցանիշների շարքն այսօր համալրվեց ևս մեկով՝ Moody’s գործակալության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի փոփոխությամբ: Այն, որ միջազգային վարկանիշային աղյուսակներից մեկում երկիրը բարելավել է դիքերը, դրական է: Փորձենք, սակայն հասկանալ, ինչ ցուցանիշների ազդեցությամբ է գրանցվել բարելավումն ու ինչ ազդեցություն այն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության վրա:
Սկսենք նրանից, որ B1-ից Ba3-ին անցումը նշված գործակալության վարկանիշային ցուցիչում մեկ տողի տարբերություն է: Ba3 վարկանիշն, ըստ կազմակերպության դասակարգման, գտնվում է սպեկուլյատիվ ռիսկերի հարթությունում և սա բավարար մակարդակ չէ ներդրումային գրավչության բարձրացման համար:
Moody's-ի վարկանիշը տարվա մեջ մի քանի անգամ վերանայվում է՝ երկրի ընթացիկ ցուցանիշների փոփոխությանը համապատասխան: Ի թիվս մի քանի գործոնների, վարկանիշի կազմման համար առանցքային նշանակություն ունեն տնտեսական կառուցվածքում փոփոխությունները, քաղաքական կայունությունը, ՀՆԱ և տնտեսական աճի ցուցանիշները:
Տնտեսական կառուցվածքում որոշակի փոփոխություն կարելի է կանխատեսել ՏՏ ոլորտում, սակայն այդ փոփոխության արդյունքում չունենք տնտեսական աճի մեծ դիվերսիֆիկացիա, հետևաբար գործակալության վարկանիշի վրա սա զգալի ազդեցություն չի կարող ունենալ:
Քաղաքական կայունության ցուցիչին կրկին վստահ լինել չենք կարող՝ հաշվի առնելով հետհեղափոխական շրջանում գտնվելու փաստը:
Հընթացս, ունենք ՀՆԱ-ի և տնտեսական աճ, որը գտնվում է աճի բնականոն մակարդակում որը մինչև տարվա վերջ կարող է փոխվել : Ըստ էության, Moody's-ի օպերատիվ գնահատականն իրավիճակային է և այս պահի դրությամբ ներդրումային գրավչության վրա էական դրական ազդեցություն դժվար թե թողնի:
Առհասարակ, ներդրումային գրավչության մասին խոսելիս, մի շարք ցուցանիշների հետ մեկտեղ պետք է հաշվի առնել նաև իշխանությունների նկատմամբ ներդրողի վստահության և բնակչության գնողունակության մակարդակները:
Գրեթե անհերքելի է, որ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված վերջին մեկ տարվա զարգացումները վստահության ցուցիչի վրա բացասական ազդեցություն կթողնեն, իսկ գնողունակության մակարդակը մեր երկրում ընթացիկ տարում անկում է ապրել:
Արդյունքում, Moody’s գործակալության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի վերանայումը դրական է, բայց ոչ շատ մեծ հետևանքներով, առավել ևս, որ այն տարվա ընթացքում ներկայացված օպերատիվ ցուցիչ է:
Հարկավոր է սպասել ընկերության տարեվերջյան ամփոփիչ գնահատականին, ուսումնասիրել վարկանիշի աճի կամ նվազման վրա ազդող հիմնական ցուցանիշները, հետո միայն անել եզրակացություններ, թե որ ոլորտի վրա և ինչ ազդեցություն կթողնի: