Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում տեղադրված հանրագիրը, որով պահանջվում է թույլ չտալ Համայնքների պալատի աշխատանքի կասեցում, օգոստոսի 29-ին գերազանցել է 1 մլն ստորագրության նշագիծը, հայտնում է ТАСС-ը:
Հավաքական դիմումը Վեսթմինսթերի կայքում գրանցվել է օգոստոսի 28-ին այն բանից հետո, երբ վարչապետ Բորիս Ջոնսոնը որոշեց խորհրդարանի աշխատանքը դադարեցնել մինչև հոկտեմբերի 14-ը:
«Խորհրդարանի աշխատանքը չի կարող կասեցվել, և այն չի կարող արձակվել, քանի դեռ (ԵՄ-ի մասին Լիսաբոնի պայմանագրի) 50-րդ հոդվածով նախատեսված բանակցությունների ժամկետը զգալի չափով չերկարացվեն կամ Մեծ Բրիտանիան չհրաժարվի Եվրամիությունից դուրս գալու մտադրությունից»,- ասվում է հանրագրի տեքստում:
Այժմ կառավարությունը պարտավոր կլինի արձագանքել հավաքական դիմումին, իսկ ավելի ուշ այն պետք է քննարկվի խորհրդարանի կողմից: