Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստ են համատեղ ջանքեր գործադրել Իդլիբում նոր հումանիտար ճգնաժամերի կանխման և Սիրիայի հյուսիս-արևմուտքի խաղաղ բնակչության պաշտպանության ուղղությամբ՝ Բաշար ալ Ասադի ռեժիմի բանակի հարվածների ֆոնին: Այս հարցով հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ria.ru-ն՝ հղում անելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը:
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում երկկողմ հարցերի հետ մեկտեղ Էրդողանն ու Թրամփը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նաև գոհունակություն է հայտնել Իրանի վերաբերյալ Ֆրանսիայի Բիարիցում անցկացված «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում ձեռնարկված քայլերի և Անկարայում ԱՄՆ նոր դեսպան Դևիդ Սաթերֆիլդի գործունեության մեկնարկի կապակցությամբ: