Ինչպես հայտնի է, Կառավարության օգոստոսի 29-ի նիստին որոշում կայացվեց բավարարել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ կողմից ներկայացված ՝ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար հայտը:
Պրակտիկան հուշում է, որ Կառավարության կողմից այս կամ այն ընկերություններին արտոնությունների սահմանումը հիմնվում է օրենքով սահմանված կարգով նախատեսված չափանիշների վրա: Երբեմն այդ նպատակով ընդունված կառավարության որոշումները լինում են բացառություններ, սակայն հստակ ամրագրում են պարամետրեր, որոնց մասշտաբայնությունն ու արդյունավետությունը հիմք են որոշման կայացման համար:
Վերջին երկու նիստերին ականատես եղանք մի քանի ընկերություններին արտոնությունների տրամադրմանը: Երկու շաբաթվա ընթացքում տրամադրված արտոնությունների թիվը կազմեց շուրջ 31,3 մլրդ դրամ: Ըստ էության, կան արտոնություններ, չկան դրանց տրամադրման հիմնավորումները: Փոխարենը կա միտում, երբ արտոնություն են ստանում խոշոր ընկերությունները:
Այս դեպքում մի քանի հարց է առաջանում: Արդյո՞ք առավել նպատակահարմար չէր լինի այդքան գումարն ուղղել սկսնակ բիզնեսներին աջակցությանը՝ դրանով իսկ կատարելով կառավարության խոստումը: Արդյո՞ք որևէ կերպ արտոնության տրամադրումը «Ջերմուկ Գրուպին» կապված չէ ընկերության սեփականատիրոջ անձի հետ, կամ՝ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված Ջերմուկում սկիզբ առած անհանգստությունների: Հարցերի շարքը կարելի է շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ Կառավարության որոշումներն՝ այս կամ այն ընկերություններին արտոնության տրամադրման մասով չկանոնակարգվեն և հանրայնացվեն: