Սեպտեմբերին Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում տեղի կունենա 29-րդ միջազգային տնտեսական համաժողովը, որին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի:
Համաժողովին Հայաստանի չմասնակցության հետ կապված հարցը կարելի է մեկնաբանել մի քանի ուղղություններով՝ սկսած աշխարհաքաղաքական նկատառումներից, որոնք կապ ունեն համաժողովին նախորդող Երկրորդ Համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյակի հետ կապված միջոցառումների հետ, ընդհուպ մինչև համաժողովին մասնակցության հարցի առաջնահերթությունը մեր երկրի համար ու դրան մասնակցության նպատակահարմարությունն ըստ այդմ: Այսպիսի դեպքերում ճիշտ կլիներ հղվել բացառապես պատկան մարմինների կողմից արված հայտարարություններին, որոնց թվում՝ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի, եթե չլիներ մի հանգամանք, որի մասին, կարծես թե մեր իշխանությունները մոռացել են: Բանն այն է, որ համաժողովի պաշտոնական կայքէջում մինչ մեր կողմից մասնակցության չհաստատումը, հայտարարվել էր, որ կարևոր հյուրերից է լինելու Նիկոլ Փաշինյանը: Կարելի է ենթադրել, որ առանց մեզ հետ նախնական ձեռք բերված պայմանավորվածության համաժողովի պաշտոնական հաղորդագրության մեջ դա չէր արձանագրվի: Իսկ եթե այնուամենայնիվ նման հայտարարությամբ հանդես գալը բացառապես լեհական կողմի նախաձեռնությունն է, ապա լավ կլինի այս մասին խոսվի, ունենանք որոշակիություն:
Ինչ վերաբերում է համաժողովին առհասարակ, ապա սա առավելապես Արևելյան Եվրոպայի երկրների համար մասսայականություն վայելող համաժողով է, որին մասնակցում են եվրոպական լիդերներ, բիզնես ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ տարբեր հիմնադրամներից: Մի շարք այլ տնտեսական համաժողովների նմանությամբ, այս մեկը ևս կրում է դեկլարատիվ բնույթ, քաղաքական կոնտեքստ: