Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես արձագանքել է Լիբանանի նախագահ Միշել Նայիմ Աունի կողմից Twitter-ի էջում արված գրառմանը, փոխանցում է Ermenihaber-ը:
Լիբանանի նախագահը «Մեծ Լիբանանի Հանրապետության» հիմնադրման օրվա կապակցությամբ իր էջում գրել էր.
«Առաջին աշխարհամարտի ավարտով, օսմանցիների պարտությամբ և ֆրանսիական մանդատով մեր պատմության մեջ նոր փուլ սկսվեց։ 1920թ ստեղծեցինք Մեծ Լիբանանի Հանրապետությունը և ձեռք բերեցինք անկախություն»։
Թուրքիայի արտգործնախարարությունը Լիբանանի նախագահի գրառումը որակել է որպես անպատասխանատու և օսմանյան ժամանակաշրջանի նկատմամբ կանխակալ, անհիմն հղումներով հայտարարություն, որում Օսմանյան պետությունը ներկայացվում է «ահաբեկչական պետություն»։
Գրավոր հայտարարության մեջ Թուրքիայի արտգործնախարարությունը նաև տեղ է հատկացրել իրենց կողմից շրջանառվող այն կեղծ քարոզչությունը, թե իբր Օսմանյան կայսրությունը տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում է ապահովել, իսկ Օսմանյան պետության անկման հետևանքով տարարաշրջանը մատնվել է անկայանության։