Այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կայացել է խորհրդականների և ԵԱՏՄ -ում և այլ երկրներում ՀՀ դեսպանների հանդիպումը, որին մասնակցել է նաև Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նիստում Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի ինտեգրացիոն հնարավորություններին: Ըստ նրա՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, համաձայնագիր ունի Եվրոպական միության, առևտրային արտոնություններ ԱՄՆ-ի հետ և այլն։ Բայց այլ հարց է, թե ինչպես է Հայաստանն օգտվում այդ առավելություններից։
Նրա խոսքով՝ մասամբ դա պայմանավորված է այն ընկալմամբ, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար մի ինչ-որ այլածին օբյեկտ է, որից հարկավոր է «ինչ-որ բան պոկել»։ «Մենք պետք է գիտակցենք, որ դա միակ կառույցն է, որտեղ մենք լիիրավ տեր ենք, ճիշտ այնպես, ինչպես և միության մյուս անդամ պետությունները։ Այսինքն՝ մենք մեկն ենք այն հինգ պետություններից, որոնք կարող են որոշումներ ընդունել։ Առանց մեր մասնակցության այնտեղ ոչ ոք որոշում ընդունել չի կարող»,- ասել է Քոչարյանը։
Նա նշել է, որ հայկական կողմն այնտեղ «զգալի ներկայություն» ունի, ինչի շնորհիվ կարող է առաջ տանել իր շահերը։