Ռուսաստան-Արևմուտք ավելի քան 5 տարվա լարված հարաբերություններին վերջ դնելու միտումներ են նկատվում վերջին շրջանում, և դա արտահայտվում է ոչ միայն հայտարարությունների մակարդակով:
Լեհաստանում Երկրորդ աշխարհամարտի մեկնարկին նվիրված հիշատակի միջոցառումները հայտնվեցին միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում դրանց չմասնակցողների պատճառով: Նախ, լեհական կողմը, քաղաքական նկատառումներից ելնելով, միջոցառումներին չէր հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակում ահռելի դերակատարում ունեցած ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է, Վարշավայի այս քայլը տարակուսանք առաջացրեց անգամ հակառուսականությամբ աչքի ընկնող արևմտյան լրատվամիջոցների մոտ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ միջոցառումներին մասնակցությունից հրաժարվել են նաև ԱՄՆ, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները: Թրամփն իր այդ որոշումը բացատրել էր Ֆլորիդային մոտեցող «Դորիան» փոթորիկի պատճառով երկրում մնալու անհրաժեշտությամբ: Սակայն Լեհաստան չեղարկված այցի փոխարեն ԱՄՆ նախագահը գնացել էր գոլֆ խաղալու՝ այդպիսով ցրելով կասկածները, որ այցի չեղարկումը յուրօրինակ դեմարշ է Լեհաստանին հակառուսական տրամադրությունները սրելու համար:
G7-ի գագաթաժողովի ժամանակ Թրամփի հայտարարությունները Ռուսաստանին ձևաչափ վերադարձնելու անհրաժեշտության մասին խոսում են այն մասին, որ վերջինս հետաքրքրված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ: Թեև եվրոպացի գործընկերներն այս հարցում ավելի զուսպ էին արտահայտվում, քան Թրամփը, նրանք ընդհանուր առմամբ, կարծես, դեմ չեն այդ հեռանկարին: Հիշեցնենք, որ G7-ի նախաշեմին Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը գագաթաժողովի օրակարգով քննարկում էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որն անցել էր բավականին ջերմ մթնոլորտում: «Ռուսաստանը եվրոպական երկիր է: Մենք եվրոպան տեսնում ենք Լիսաբոնից վլադիվոստոկը միավորող», - նշել էր ֆրանսիայի նախագահը:
Այստեղ հարկ է նկատել, որ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում ձնհալը ոչ միայն հայտարարությունների մակարդակում է: Մասնավորապես, կողմերը նախապատրաստում են Ուկրաինայի հարցով «նորմանդական քառյակի» հանդիպում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարների մասնակցությամբ: Վերջին նման հանդիպումը կայացել է 2016 թվականին:
Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վերականգնվել էր Ռուսաստանի ձայնի իրավունքը, որից վերջինս զրկվել էր 2014 թվականին Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո:
Նման պայմաններում, երբ արևմտյան առաջատար երկրները փորձում են Ռուսաստանի հետ հարաբերություններում սառույցը հալեցնել, լեհական կողմի այս ցուցադրական քայլն ընդհանրապես տեղին չէր: Եվ ըստ էության, արևմտյան առաջնորդները փորձել են իրենց մասնակցությունը չեղարկելու միջոցով չեզոքացնել Վարշավայի այս քայլի արդյունքում առաջացած բացասական ֆոնը:
Դժվար է ասել, թե Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում սառույցն ինչքանով կհալվի, սակայն ուժային կենտրոնների հակասությունների վրա խաղալն այլևս խրախուսելի չեն: