Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ադրբեջանցի լրագրողի խնդրաքով մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը:
«Մենք ելնում ենք նրանից, որ, անխոս, կա ներքին հռետորաբանություն, կան ներքին դրվածքներ, որոնք արտահայտում են քաղաքական շարժումների, կուսակցությունների կարծիքը՝ հաշվի առնելով, որ մենք խոսում ենք ժողովրդավարական պետության մասին: Այսինքն՝ այն նույն խաղաղ գործընթացը, որում կան և գործընթացի մասնակիցները, համահովանավորները, կան միջազգային ջանքեր խաղաղ կարգավորման հասնելու համար: Եվ, անխոս, մենք ելնում ենք այն բանից, որ կողմերի հայտարարությունները պետք է տեղավորվեն այդ ընդհանուր ջանքերի համատեքստում, որոնք ուղղված են խաղաղ կարգավորմանը», - հայտարարել է Զախարովան:
Նրա խոսքերով՝ շատ դժվար է վերադառնալ բանակցային գործընթացում նախկին դիրքերին հայտարարություններից հետո, որոնք կռվախնձոր են դառնում, հավելյալ հարցեր են առաջացնում կամ կարող են խախտել բանակցային փխրուն գործընթացի հավասարակշռությունը:
«Մենք նման հայտարարություններ, դժբախտաբար, լսել ենք տարբեր մակարդակներում, տարբեր կողմերից: Շատ կցանկանայինք, որ, ներքաղաքական գործընթացի նկատմամբ ամենայն հարգանքով և ըմբռնումով, քաղաքական կառուցվածքի ժողովրդավարական մոդելի դեպքում մարդիկ իրավունք ունեն ձևավորելու համապատասխան քաղաքական նախադրյալներ, շատ ցանկալի է, որ բոլոր կողմերն ելնեն գլխավորից՝ արագ հասնել խաղաղ կարգավորման», - նշել է Մարիա Զախարովան: