Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսն առաջարկել է բնական գազի վաճառքից թուրք-կիպրացիներին բաժնեմաս հատկացնել: Այդ նպատակով նա կոչ է արել էսքրոու հաշիվներ բացել (հաշիվ է, որին մուտք գործող միջոցներից կարելի է օգտվել միայն սահմանված պահանջները կատարելու դեպքում):
Ըստ ԶԼՄ-երի՝ այդ առաջարկն Անաստասիադիսը ներկայացրել է թուրք-կիպրացիների առաջնորդ Մուսթաֆա Ակնջիին օգոստոսի 9-ին, իսկ հետո նաև գրավոր տեսքով: Առաջին արձագանքն ընդհանուր առմամբ դրական է եղել: Թուրքական կողմը կկարողանա օգտվել հաշվից, եթե կատարի բոլոր պայմանները, իսկ Թուրքիան հրաժարվի տարածաշրջանում սադրանքներից և ճանաչի Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները:
Կիպրոսի հունական և թուրքական հատվածների, իսկ ավելի ճիշտ՝ Կիպրոսի Հանրապետության և Թուրքիայի միջև լարվածությունը նոր փուլ է մտել, երբ Կիպրոսի տնտեսական գոտի հանդիսացող ափամերձ շրջանում ածխաջրածնային հանքավայրեր են հայտնաբերվել: Հանքավայրերը գտնվում են կղզու հյուսիսային՝ թուրք-կիպրացիներով բնակեցված հատվածի մոտակայքում, և Թուրքիան հավակնում է այդ հանքերի նկատմամբ իրավունքներ ստանալ: Անկարան արդեն իսկ երկու նավ է ուղարկել՝ հորատման աշխատանքներ իրականացնելու նպատակով, ինչը հարուցել է այդ թվում՝ Հունաստանի դժգոհությունը:
Կիպրոսի Հանրապետությունը բացառում է Թուրքիայի հնարավոր ներգրավումը հորատման գործընթացում և Թուրքիայի քայլերը գնահատում է որպես ներխուժում իր տնտեսական տարածք: Եվրամիությունը ևս աջակցում է կիպրական կողմին: ԵՄ Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը «լիովին համակարծիք է Կիպրոսի հետ»: Հույն-կիպրացիները դեմ չեն թուրք-կիպրացիներին մասնաբաժին հատկացնել գազի վաճառքի հասույթից, սակայն չեն հանդուրժի Անկարայի ներգրավում այդ գործընթացում և խնդիրը դիտում են կղզու վերամիավորման համատեքստում: Մայիսին ստեղծվել է ներդրումային ֆոնդ, որը կառավարելու է գազի վաճառքից ստացվող միջոցները՝ «ի նպաստ կիպրական կղզու»:
Նիկոս Անաստասիադիսի առաջարկն այս պահին քիչ իրատեսական է համարվում: Կողմերից յուրաքանչյուրն այս առիթը փորձում է օգտագործել իր գերակայություններն առաջ մղելու համար. հույն-կիպրացիները՝ հասնելու կղզու վերամիավորմանը և այդ թվում՝ տնտեսապես շահագրգռելու թուրք-կիպրացիներին, իսկ Թուրքիան հակառակը՝ խորացնելու բաժանարար գծերն ու ամրապնդելու իր դիրքերը տարածաշրջանում: Բացի այդ, գազի պաշարների հայտնաբերումը հետաքրքրություն է առաջացրել նաև մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Իսրայելի, Լիբանանի, Եգիպտոսի, ԱՄՆ-ի, Եվրամիության մոտ: