Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Եվրո-2020 որակավորման փուլի Իտալիայի հետ խաղից առաջ այսօր հանդիպել է լրագրողների հետ: Այս մասին հայտնում է Panorama-ն:
Անդրադառնալով իտալական ակումբ տեղափոխությանը՝ ֆուտբոլիստը նշել է, որ վերջին օրն է իմացել այդ մասին:
«Ամեն ինչ տեղի ունեցավ վերջին օրը՝ «Արսենալ»-«Տոտենհեմ» ֆուտբոլային հանդիպումից հետո։ Զանգ ստացա գործակալիցս և տեղեկացա, որ հաջորդ օրը պետք է մեկնեմ Հռոմ, բուժզննում անցնեմ և պայմանագիր ստորագրեմ։ Կարծում եմ՝ շատ լավ հնարավորություն է ինձ համար, քանի որ «Արսենալ»-ում շատ հանդիպումների չէի մասնակցում»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը:
Այնուհետև Հենրիխ Մխիթարյանը խնդրել է ավելի շատ հարցեր ուղղել Հայաստանի ազգային հավաքականի մասին:
Խոսելով Իտալիայի հավաքականի մասին՝ նշել է, որ Իտալիայի ներկայիս հավաքականը տարբերվում է նախորդ հավաքականներից, որոնց դեմ խաղացել են դեռ 2012թ-ին։
«Փոփոխությունները նախորդ խաղերի համեմատ շատ են: Փոխվել է կազմը, փոխվել է մարզիչը, փոխվել է խաղային փիլիսոփայությունը: Չեմ կարող ասել, որ ներկայիս հավաքականը նման է նախորդին։ Այս հավաքականը սիրում է գնդակով խաղալ: Եւ մենք փորձելու ենք ամեն ինչ անել խաղը վերահսկելու համար, կփորձենք անել առավելագույնը և պատվով հանդես գալ»,- ընդգծեց Հենրիխ Մխիթարյանը։
Հարցին, թե արդյոք մյուս թիմերի համեմատ Իտալիայի թիմն ավելի ուժեղ է, հավաքականի ավագն ասել է, որ Իտալիան խմբի ամենաուժեղ թիմն է: «Կփորձենք պայքարել երկրորդ տեղի համար»։
Ինչ վերաբերում է իր մարզավիճակին, Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ խաղին 100%-ով պատրաստ է. «Ֆուտբոլը խաղում են ոչ միայն ոտքերով, այլ նաև ուղեղով։ Պետք է անել ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինես խաղալ ամբողջ հանդիպման ընթացքում»։
Նշենք, որ Հայաստան-Իտալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին։